Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

2021-09-01 15:28 , Политика, 1445

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը։

Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր շրջայց է կատարել Ասկերանի շրջանում, ծանոթացել Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքների։

«Նախագիծը կյանքի կոչելով վերջնականապես կլուծվի մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ կապահովվեն խմելու և ոռոգման ջրով։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ակտիվ շինարարության փուլը»,-փոխանցում են Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը եղել է Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից տեղահանված բնակիչների համար կառուցվող, ավելի քան 644 հազար քառակուսի մետր մակերես ունեցող նոր բնակավայրի շինհրապարակում, որտեղ հետևել է լայնածավալ շինարարության ընթացքին:

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահն այցելել է նաև Իվանյան համայնք, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համակայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու

բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Երկու թաղամասներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին, և դրանց բնակիչներն ապահովված կլինեն ենթակառուցվածքային բոլոր հարմարություններով։

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Հովսեփավան համայնքում, որտեղ հետևել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ընտանիքների և տեղահանված բնակիչների համար նախատեսված շուրջ 92 առանձնատների կառուցման աշխատանքներին։

Թաղամասի շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։

Բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարը մեծապես կարևորել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի նշանակությունը և ընդգծել, որ համայն հայության ուժերով ժամանակի ընթացքում հնարավոր է դառնալու մեղմել պատերազմի հետևանքով ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ որոշում է կայացվել մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել, քանի որ եղանակային անոմալ պայմանները, մասնավորապես՝ տեղումների աննախադեպ պակասը և, զուգահեռաբար, պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի աճը մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտի բնակչությունը ներկայումս կազմում է ավելի քան 60 հազար մարդ) ջրամատակարարման հարցում կրիտիկական վիճակ են ստեղծել:

Лента

Рекомендуем посмотреть