«Ֆլայ Արնա»-ն 500 առաջարկներից ընտրվել է որպես հայկական նոր ազգային ավիափոխադրողի անվանում - RadioVan.fm

Онлайн

«Ֆլայ Արնա»-ն 500 առաջարկներից ընտրվել է որպես հայկական նոր ազգային ավիափոխադրողի անվանում

2021-09-01 14:42 , Экономика, финансы, 2772

«Ֆլայ Արնա»-ն 500 առաջարկներից ընտրվել է որպես հայկական նոր ազգային ավիափոխադրողի անվանում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը՝ «Էյր Արաբիա» ընկերությունը, այսօր հայտարարել են, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի “Fly Arna” («Ֆլայ Արնա»):

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հայտնում են, որ անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից:

«Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի հանձնառությունը՝ նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը:

Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար»,-մանրամասնում են ԱՆԻՖ-ից:

«Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա և՛ ոգեշնչող է, և, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը և ձգտումը» -նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝վստահություն հայտնելով, որ, «չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին»:

«Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»,-ասել է «Էյր Արաբիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին։

ԱՆԻՖ-ից ընդգծում են՝ Fly Arna-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար և խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից բիզնես ոլորտները:

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության հետ հուլիսի 14-ին ստորագրել էին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։

Նշվել էր, որ նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունում կներգրավվեն հայ օդաչուներ, ինժեներներ։

Лента

Рекомендуем посмотреть