Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:
Նշենք՝ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Արարատ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է։ Երեկ նորանշանակ նախարարը հանդիպել էր նաև իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
Միրզոյանը շեշտել էր, որ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։
Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները շատ հագեցած են, նա նաև կոչ էր արել Ադրբեջանին առանց որևէ պայմանի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։