«Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը»․ Դումանյանը, Գարեգին Բ-ն Սեպտեմբերի 1-ի առիթով ուղերձներ են հղել - RadioVan.fm

Онлайн

«Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը»․ Դումանյանը, Գարեգին Բ-ն Սեպտեմբերի 1-ի առիթով ուղերձներ են հղել

2021-09-01 14:02 , Образование, 1504

«Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը»․ Դումանյանը, Գարեգին Բ-ն Սեպտեմբերի 1-ի առիթով ուղերձներ են  հղել

Սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրը, Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր՝ 2021-2022 ուսումնական տարին:

Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը. օրվա առիթով հղած ուղերձում նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը:

Ընդգծելով, որ Հայաստանը կրթական ոլորտի բարեփոխումների փուլում է, նախարարը շեշտել է՝ դրանք միտված են «յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանն» ու վստահություն հայտնել, որ «միասին կհաջողեն»:

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ հղած ուղերձում նշում է, որ նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։

Կաթողիկոսը շեշտել է, որ «մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում:

«Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման»,-ասված է կաթողիկոսի ուղերձում։

Հիշեցնենք՝ կորոնոավիրուսային համավարակով պայմանավորված, հաստատությունների բակում կուտակումներից հնարավորինս զերծ մնալու նպատակով, առաջին դասարանցիներն այս տարի դպրոց գնացին մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին։ Ի դեպ, կրթօջախներ առաջին քայլեր անող փոքրիկների թիվը շուրջ 37 հազար է։

Հավելենք՝ ուսուցումը կլինի առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով, սակայն բոլոր դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրում, ախտահանման գործընթաց և այլ:

Лента

Рекомендуем посмотреть