ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) վերահաստատում է իր հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:
Թաթոյանը նշում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով հրապարակված անհերքելի փաստերը, մինչդեռ, ըստ ՄԻՊ-ի, դրանք Պաշտպանի աշխատակազմ են փոխանցել գյուղերի բնակիչները, դրանք հիմնավոր ստուգվել են մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:
«Հայտարարությամբ որոշվել էր հրապարակել ոչ բոլորը, բայց ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց ենք հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երկու օր առաջ՝ ժամը 22:30-ի սահմաններում:
Այնպես որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:
Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանն ահազանգել էր, որ օգոստոսի 29-ի առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից։ Ընդգծվել էր, որ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ, այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: