Այսօր Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով:
Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ընդգծելով, որ աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել, իսնչի հետևանքով աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում:
«Աղբավայրի տարածքն այս ամբողջն է՝ մոտ 32 հա, սև հողերը, որ երևում է, խորհրդային տարիների աղբն է, մյուս հատվածները հողածածկ են արդեն: 2019թ. արվեց գործի մոտ 50 տոկոսը, այս տարի արդեն 70 տոկոս դարձավ հողածածկ տարածքը: Անկեղծ ասած, երբևէ այսպիսի օգնություն չի եղել մեզ: Ըստ անհրաժեշտության՝ քաղաքապետարանը տրամադրում է համապատասխան տեխնիկա»,-քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ասել է «Էրեբունի» ՍՊԸ հարթակի կառավարիչ Վահրամ Կարապետյանը:
Նշվում է, որ աղբավայրի մի հատվածը շարունակում է բաց մնալ: Այստեղ ամեն օր կուտակվում է մոտ 1000 տոննա աղբ: Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության պատասխանատուներն ասում են՝ տարածքի մեծ մասի հողածածկումը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կկառուցվի նոր աղբավայր: Առայժմ մրցութային գործընթաց է. նախատեսվում է փակել հին աղբավայրն ու կառուցել նորը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մինչև այդ, քաղաքային իշխանությունը շարունակում է 3 տարի առաջ սկսած աշխատանքները:
«2019թ. աղբավայր մտնող և դուրս եկող ճանապարհն ասֆալտապատվել է, լուսավորությունը քաշված է: Պահակակետ է կառուցվել»,-նշում է Աղբավայրի պատասխանատու Բորիս Ավագյանը:
Ընդգծվում է՝ Նուբարաշենի աղբավայրը քաղաքի էկոհամակարգի գլխավոր խնդիրներից է, որին քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին վերջնական լուծում տալ: