Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ ընդգծելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։
ԱԱԾ-ից այսօր հայտնել էին, որ Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները փակ են օգոստոսի 26-ից, ու, որ վերաբացելու վերաբերյալ եռակողմ բանակցություններ են տարվում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել էր, որ ՀՀ միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից փակելու հետևանքով մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը, դրանցում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ: Բարձրաձայնվել էր նաև, որ սահմանափակվել է գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: