Մոտ 25.7 մլն դրամի շրջանակում Սևանում սեպտեմբերին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կանցկացվի - RadioVan.fm

Онлайн

Մոտ 25.7 մլն դրամի շրջանակում Սևանում սեպտեմբերին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կանցկացվի

2021-08-27 18:10 , Политика, 1221

Մոտ 25.7 մլն դրամի շրջանակում Սևանում սեպտեմբերին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կանցկացվի

2021թ. սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։

Այս նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա հավանություն է տվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագծին:

Մրցաշարը նախատեսվում է կազմակերպել 2 տարիքային խմբով` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Միջոցառման ընդհանուր ծախսը կկազմի մոտ 25.7 մլն դրամ: Մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը կազմում են մոտ 10.8 մլն դրամ, որը ներառում է մասնակիցներին սննդով ապահովումը, ճանապարհածախսը, ռադիոհանգույցի վարձակալումը, մարզահագուստը, գավաթների, մեդալների, հավաստագրերի, շնորհակալագրերի ձեռքբերումը և այլ ծախսեր և հատկացվելու է ԿԳՄՍ ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում: Իսկ 2 տարիքային խմբի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրամադրվող դրամական մրցանակները՝ ընդհանուր 14.9 մլն դրամ, նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ընդհանուր առմամբ կլինի մոտ 80 մրցանակակիր. 1-ին տեղը գրաված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդը՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-ը՝ 75 000-ական դրամ, իսկ 11-20-րդ տեղերը՝ 50 000-ական դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները: Ոչ մրցութային կարգով միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել գործընկերներին, դեսպանատներին, միջազգային կառույցներին: Վ. Դումանյանը նաև նշել է, որ կառավարության նիստի այսօրվա չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված որոշումներից մեկն էլ վերաբերում է վարչապետի հանձնարարականի կատարմանը, որը տրվել էր օլիմպիադայից հետո Հայաստանի հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ. 4 ֆեդերացիայի՝ ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի և մարմնամարզության հատկացվել է 207 մլն դրամ, որպեսզի նրանք շարունակեն մասնակցությունը տարվա երկրորդ կեսին նախատեսված սպորտային միջոցառումներին:

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով հեծանվավազքի մրցաշարի անցկացումը, հիշեցրել է հարցի նախապատմությունը.

«Հարգելի գործընկերներ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարծեմ Արագածավան գնալու ճանապարհին մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբի, և այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա, ոչ պրոֆեսիոնալ, սա շատ կարևոր է ընդգծել, մրցաշար անցկացնելու, որին կարող են մասնակցել արդեն նշված տարիքային խմբերի բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն: Ըստ այդ տրամաբանության՝ մենք ի՞նչ ենք ուզում անել: Ուզում ենք, ինչպես նշված է մեր կառավարության ծրագրում և նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր: Դա իրականացնելու համար պետք է կոնկրետ գործողություններ կատարել: Տվյալ դեպքում ընտրվել է երթուղի՝ Շորժայի հատվածից մինչև Սևան: Այստեղ նաև փոքր նրբություն կա. գիտեք, որ այդ ճանապարհը շատ վաղուց չի վերանորոգվել, և հիմա այնտեղ ունենք բարձրակարգ ճանապարհ: Մենք ուզում ենք մի փոքր էլ մեր կառուցած ճանապարհները գովազդել:

Հաջորդը՝ մրցաշարը լինելու է ամենամյա: Իմիջիայլոց, արդեն պարզ է, որ յուրաքանչյուր մասնակից պետք է լինի իր հեծանիվով, սաղավարտով, այնտեղ պայմաններ կան, բժշկական տեղեկանք պետք է ներկայացնեն, որ իրենց թույլատրելի է այդպիսի մրցաշարերի մասնակցել: Սրանք նրբություններ են, որոնք կհրապարակվեն, կպարզաբանվեն: Մենք մտադիր ենք ոչ պրոֆեսիոնալ սպորտի 4 այսպիսի մրցաշար իրականացնել ամեն տարի՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Ընդ որում, այստեղ հիմնական գաղափարն, այսպես ասած, զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է: Լողի հետ կապված նրբություն կա՝ ուզում ենք այն կազմակերպել Սևանա լճում: Այնտեղ անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ հույս ունեմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և մենք ամեն տարի սեզոնային մրցաշար կունենանք. ձմռանը՝ սեղանի թենիսը, գարնանը՝ ենթադրաբար, վազքը, ամռանը՝ լողը և աշնանը՝ հեծանվավազքը: Սա, կարծում եմ, պիտի որ մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի:

Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ծրագրում, պարոն Դումանյան, մենք կարևորել ենք նաև միջմարզային տարբեր մրցաշարերի կազմակերպումը: Այս առումով մենք ֆեդերացիաների հետ համագործակցելու շատ լավ դաշտ, հնարավորություն ունենք: Մեր ծրագրային կարևոր դրույթներից է սպորտի մասսայականացումը, և այս ուղղությամբ իհարկե, պետք է առաջ շարժվենք: Այո, օլիմպիական հավաքականի հետ հանդիպման մեր հիմնական պայմանավորվածությունը հետևյալն էր՝ որ մենք այստեղ էլ փորձենք ռազմավարական պլանավորում իրականացնել: Հաջորդ օլիմպիադային պետք է նախապատրաստվել նախորդ օլիմպիադայի ավարտի հենց հաջորդ օրվանից: Պայմանավորվեցինք, որ մեր՝ ընդհանրապես ցանկացած մարզական շրջափուլի կուլմինացիան Օլիմպիական խաղերն են, առավելևս խնդրում եմ հաշվի առնել, որ հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու ոչ թե 4, այլ 3 տարի անց: Մենք ֆեդերացիաների հետ պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կդնենք այս տրամաբանության մեջ: Իհարկե, այստեղ շատ կոնկրետ անելիքներ ունեն ֆեդերացիաները, Ազգային օլիմպիական կոմիտեն և կառավարությունը, և մենք փոխգործակցված այս ուղղություններով պետք է առաջ գնանք:

Վերադառնալով հեծանվավազքի մրցաշարին՝ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ աշխատանք տանենք, որ տեղեկությունը բոլոր պոտենցիալ հետաքրքրվող շահառուներին հասնի, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի նաև, թե սա ինչ մրցաշար է, ինչի համար է արվում, ովքեր կարող են մասնակցել, ինչ պայմաններով, և ինչ է ենթադրվում: Մրցաշարը սեպտեմբերի 19-ին է»:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ գործադիրի հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրին, Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող ճանապարհի փակման և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին:

Лента

Рекомендуем посмотреть