Կստեղծվի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով - RadioVan.fm

Онлайн

Կստեղծվի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

2021-08-27 16:11 , Культура, Шоу бизнес, 1709

Կստեղծվի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ), ցավակցելով սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին,ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին, հայտնում է, որ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:

Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից: Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի ավանդն ու վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում:

Մեր ողջ ժողովուրդը Վլադիլեն Բալյանին որպես մտավորական դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում, որի ստեղծագործություններով բոլորս ոգեշնչվել ենք:

Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Թաթուլ Ալթունյանի խմբավարության և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1952-54թթ եղել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը:

1952-58թթ ծավալել է մանկավարժական գործունեություն: 1955-61թթ եղել է Երևանի հանրապետական պարարվեստի ուսումնարանի տնօրենը, 1961-64թթ՝ Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության առաջին գլխավոր խմբագիրը, 1964-66թթ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը, 1966-71թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրենը, 1981-85թթ՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր, հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահը:

2002թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշաններով: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2013թ.՝ Գյումրու, 2020թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

Лента

Рекомендуем посмотреть