ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։
Ծառայությունից, միաժամանակ, նշում են, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:
Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք՝ երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել է, որ ՀՀ միջպետական ճանապարհը փակելու հետևանքով մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Պաշտպանն ընդգծել է, որ նշված գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
«Լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Դրանից բացի, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը»,-ահազանգել է Արման Թաթոյանը: