Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է)․ հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ նշելով, որ փաստը հաստատվել է Պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:
Արման Թաթոյանն ընդգծում է՝ սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:
«Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է»,-ընդգծում է ՄԻՊ-ը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:
Նշենք՝ երեկ գիշեր Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ ու հրաժարվում են բացել: Պաշտպանը փաստը ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ բացահայտ հանցագործություն էր որակել:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի՝ ադրբեջանական կողմի փակելու մասին այսօր հայտնել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)՝ տեղեկացնելով, որ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են, աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: