Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն (ՊՆ)՝ հատկապես Տավուշի մարզում աշխատող տղամարդ ուսուցիչներին, ինչպես նաև նրանց, որոնք դպրոցում տվյալ առարկայի միակ մասնագետն են, այս փուլում չներգրավել պահեստազորի եռամսյա զորահավաքի վարժանքներում:
«Դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի այն դեպքերում, երբ ուսուցիչը տվյալ առարկայի միակ մասնագետն է, քննարկվի այս զորահավաքի շրջանակում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը: Մենք վերապատրաստել ենք Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները սեպտեմբերից կարողանան իրականացնել ուսումնական գործընթացը՝ նոր չափորոշիչներով: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,-այդ մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում վերջնական համաձայնություն կլինի` հաշվի առնելով նաև պաշտպանության համակարգի առաջնահերթությունները:
Անդրեասյանի դիտարկմամբ՝ եթե, անգամ, առարկայի միակ ուսուցիչները կանչվեն եռամսյա հավաքի, ապա լուծումներ, իհարկե, ուսումնական պլանի և դասացուցակի ճկուն տեղաշարժերի հաշվին, կգտնվեն։
Փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի օրերին ևս առաջացել էր նման իրավիճակ, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ, սակայն ուսումնական գործընթացը չխաթարվեց։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում այսօրվանից մեկնարկելու են եռամսյա վարժական հավաքներ։ Դրանցում ներգրավված պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններն, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Պաշտպանության նախարարությունը մասնակիցներին հորդորել էր հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսների: