2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 1-ին դասարան հաճախելու հայտ է ներկայացվել շուրջ 37 հազար երեխայի համար:
Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նրանց մուտքը դպրոց հանդիսավորությամբ ապահովելու, միաժամանակ համավարակի կանոնները պահպանելու նպատակով դպրոցներին առաջարկվում է 1-ին դասարանցիներին մեկ օր շուտ հրավիրել դպրոց:
Նա, միաժամանակ, հորդորել է սահմանափակել երեխաներին ուղեկցողների թիվը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի նույնպես առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպվել է մնացած աշակերտներից մեկ օր առաջ՝ դպրոցներում հավելյալ կուտակումներից զերծ մնալու նկատառումով: