«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) նշում են, որ Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն իրենց մասնագիտական ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին: Երկու դպրոցները կցվել են` հաշվի առնելով տարածքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը, քանի որ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար նախատեսվում է նաև դասավանդող ուսուցչի անմիջական ներկայությունը դասապրոցեսին:
Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր։
Երևան
Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ
Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց
ՀՀ Արարատի մարզ
Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Վանաշենի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ
Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց
Սևանի Խ․ Աբովյանի անվան դպրոց
ՀՀ Լոռու մարզ
Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոց
Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա անվան թիվ 1 հիմնական դպրոց
Սպիտակի Ան․ Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց
ՀՀ Շիրակի մարզ
Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Գյումրու տնտեսագիտական վարժարան
ՀՀ Սյունիքի մարզ
Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց
Ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ:
«E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում ՀՀ կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով: