«Ի հեճուկս թշնամու հոխորտանքների՝ վերականգնում ու շենացնում ենք»․ Արցախում շինարարական եռուզեռ է - RadioVan.fm

Онлайн

«Ի հեճուկս թշնամու հոխորտանքների՝ վերականգնում ու շենացնում ենք»․ Արցախում շինարարական եռուզեռ է

2021-08-24 15:41 , Политика, 1353

«Ի հեճուկս թշնամու հոխորտանքների՝ վերականգնում ու շենացնում ենք»․ Արցախում շինարարական եռուզեռ է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին:

Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին: Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների: Պետական միջոցներով կատարված շինաշխատանքներն իրականացրել է «Ղուրուչուղ» ՍՊԸ-ն:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:

Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծիի 19-րդ դարի Սրբ. Թարգմանչանց եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այցի մասին պատմող տեսանյութ է տեղադրել՝ գրելով․

«Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում այս օրերին շինարարական ակտիվ եռուզեռ է: Մարտունու շրջանի Կաղարծի համայնքը ևս այս առումով բացառություն չէ: Ընթացող աշխատանքներին տեղում եմ ծանոթացել:

Ի հեճուկս թշնամու հոխորտանքների՝ վերականգնում ու շենացնում ենք՝ ավելի ամուր կառչելով մեր հողին»:

Лента

Рекомендуем посмотреть