44-օրյա պատերազմի հետևանքով 3773 զոհ, 243 անհետ կորած. Փաշինյանը թվեր է հայտնել - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմի հետևանքով 3773 զոհ, 243 անհետ կորած. Փաշինյանը թվեր է հայտնել

2021-08-24 15:10 , Политика, 2329

44-օրյա պատերազմի հետևանքով 3773 զոհ, 243 անհետ կորած. Փաշինյանը թվեր է հայտնել

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

Այդ մասին այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ծրագիրը ներկայացնում է արտառոց պայմաններում:

Հիշեցնենք՝ հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ, հայտնել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի թիվը 3705 է, 268 անհետ կորած ունենք, հաստատված 60 և հնարավոր 110 գերի:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօրվա քննարկումը պետք է լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պետք է լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով։

«Որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար»,-ասաց նա։

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը քննարկեց և ընդունեց գործունեության հնգամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 3-րդ և հաջորդ երեխայի համար ամսական 50 հազարական դրամ հատկացնել, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն, պետական սահմանի պահպանումը ՀՀ զինուժի փոխարեն լիազորել սահմանապահ զորքերին։ Կառավարության մոտեցումների համաձայն՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո կարգավիճակի հստակեցումն է։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նաև ամրագրված է, որ «այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Лента

Рекомендуем посмотреть