Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի դրոշի օրվա մեծ տոնին, որը նշվում է օգոստոսի 22-ին:
Այդ մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
««Մենք միասնական ենք» միության կամավորների հետ Ռուսաստանի Դաշնությունից բերվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:
«Օգոստոսի 22-ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օրը. այս տոնը կոչված է միավորել և համախմբել բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,-անձնակազմին դիմել է Եգորովը:
«Մենք միասնական ենք» նախագծի ղեկավար Արմեն Գուլնազարովն էլ, շնորհավորելով համառուսաստանյան տոնի` Ռուսաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, ընդգծել է, որ այդ դրոշի ներքո ժողովրդի բազմաթիվ սերունդներ իրականացրել և շարունակում են նշանակալի իրադարձություններ իրականացնել:
Նշվում է, որ միջոցառումը սկսվել է Ռուսաստանի պետական դրոշի բարձրացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության օրհներգի կատարմամբ և ավարտվել՝ ՌԴ 50 մետրանոց դրոշի ցուցադրությամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հանդիսավոր երթով: