Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է. 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը՝ որոշելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։
Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ իր ուղերձում նշել է նախագահը՝ շեշտելով՝ «անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է»:
«Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,-ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքում: