Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
«Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»,-ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ իր խոսքում նշել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ ընդգծելով, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է երգի ու պարի համույթների ելույթով:
Տեղեկացվում է, որ «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները:
Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: