«Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը»,-այդ մասին Ղրղզստանի նախագահի հետ այսօր կայացած հանդիպմանն իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, միջխորհրդարանական գործընկերության ակտիվացումը։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։
ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ղրղզստան՝ Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։