Սյունեցու վարկով գնած 120 ոչխարները հակառակորդը չի վերադարձրել, իսկ կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ-ը բարձրաձայնում է - RadioVan.fm

Онлайн

Սյունեցու վարկով գնած 120 ոչխարները հակառակորդը չի վերադարձրել, իսկ կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ-ը բարձրաձայնում է

2021-08-19 13:44 , Право, 1199

Սյունեցու վարկով գնած 120 ոչխարները հակառակորդը չի վերադարձրել, իսկ կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ-ը բարձրաձայնում է

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հանրային կապերի բաժինը։

Նշվում է, որ, չնայած հափշտակված սեփականությունն այլևս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը և վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի:

Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին:

Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք ՄԻՊ Արման Թաթոյանի այցի ընթացքում տեղեկացրել է, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան և 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում:

«Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ: Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից և բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: Մենք արձանագրել ենք այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները: Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար: Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть