Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո կարգավիճակի հստակեցումն է․ Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագիր - RadioVan.fm

Онлайн

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո կարգավիճակի հստակեցումն է․ Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագիր

2021-08-18 17:36 , Политика, 1850

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո կարգավիճակի հստակեցումն է․ Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագիր

Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,-ընդգծվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում, որն այսօր հաստատվել է գործադիրի նիստում:

«Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

•Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ևշարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

•Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

•Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»,-ամրագրված է կառավարության՝ 2021-2026թթ․ գործունեության ծրագրում:

Հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատել և, հավանաբար, օգոստոսի 20-ին Ազգային ժողով կներկայացնի 2021-2026թթ․ գործունեության ծրագիրը։

Կառավարության ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть