Պետական սահմանի պահպանումը ՀՀ զինուժի փոխարեն կիրականացնեն սահմանապահ զորքերը, կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն - RadioVan.fm

Онлайн

Պետական սահմանի պահպանումը ՀՀ զինուժի փոխարեն կիրականացնեն սահմանապահ զորքերը, կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն

2021-08-18 17:28 , Политика, 1695

Պետական սահմանի պահպանումը ՀՀ զինուժի փոխարեն կիրականացնեն սահմանապահ զորքերը, կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն

Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Դա ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագրում։

Նշվում է, որ հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, կառավարությունն անհրաժեշտ է համարում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝

-սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում,

-սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,

-պետական սահմանի ինժեներական կահավորում,

-սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:

Ինչ վերաբերվում է Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությանը, ապա, ինչպես նշված է Ծրագրում, այն մեծապես հիմնվելու է 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։

Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։

Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

Հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը 2021-2026 թթ․ գործունեության ծրագրի շրջանակում նախատեսում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար հատկացնել 50 հազարական դրամ։

Կառավարության ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть