Ադրբեջանն իրավական գործընթացներ է սկսել օտարերկրյա այն ընկերությունների նկատմամբ, որոնք ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառում (Քելբաջար), Կովսականում (Զանգելան)։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ժամանակ։
«Գործընթացն արդեն սկսվել է, մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների, և այժմ պատրաստվում են դատական հայցերը։ Միջազգային ընկերություններն օգտագործել են մեր ոսկու հանքերը Քելբաջարում, Զանգելանում և այլ վայրերում։ Ի՞նչ է, այդ ընկերությունները չգիտեի՞ն, որ այդ հողն ադրբեջանական է։ Գիտեին և անտեսում էին, հիմա՝ պատասխան կտան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ մատնանշելով երկու ճանապարհ՝ կա՛մ այդ ընկերությունները պետք փոխհատուցում վճարեն, կա՛մ էլ՝ պատասխան տան միջազգային դատարանում։
Նշենք՝ արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական ուժեր են տեղակայվել նաև Հայաստանում գործող ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասում․ հանքը կիսով չափ ընկնում է մեր, կիսով չափ՝ Ադրբեջանին հանձնվող տարածքում։
Նշյալ հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։