Պատերազմի սպառնալիքներն ուղղված են դելիմիտացիայի և դեմարկացիայի վրա արգելված ազդեցություն գործադրելուն․ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Պատերազմի սպառնալիքներն ուղղված են դելիմիտացիայի և դեմարկացիայի վրա արգելված ազդեցություն գործադրելուն․ ՄԻՊ

2021-08-17 12:57 , Право, 1155

Պատերազմի սպառնալիքներն ուղղված են դելիմիտացիայի և դեմարկացիայի վրա արգելված ազդեցություն գործադրելուն․ ՄԻՊ

«Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար»,-այդ մասին հայտարարում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).

3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.

6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Օմբուդսմենն արձանագրում է՝ այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:

Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին:

Նշենք՝ մայիսից, ինչ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում, գրեթե ամեն օր հաղորդվում է սահմանային միջադեպերի մասին։ Միայն նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀՀ 2 զինծառայողի զոհվելու մասին․ առավոտյան Երասխի հատվածում թշնամու դիպուկահարի կրակոցից մահացել է ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, իսկ ժամը 18:10-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի արդյունքում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Лента

Рекомендуем посмотреть