«Կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ»․ Փաշինյանը հյուրընկալել է օլիմպիականներին - RadioVan.fm

Онлайн

«Կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ»․ Փաշինյանը հյուրընկալել է օլիմպիականներին

2021-08-16 18:35 , Политика, 937

«Կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ»․ Փաշինյանը հյուրընկալել է օլիմպիականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար, ապա շնորհավորել մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով:

«Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք: Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում»,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար այսօր շատ արագ պետք է ամփոփվի արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից սկսեն պատրաստվել հաջորդ օլիմպիադային:

«Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետք է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետև գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջում: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք և գնանք առաջ:

Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաև մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եւ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել և կուզենայի նաև լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել և ինչ վերլուծություններ ու հետևություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»,-հավելել է Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցել է մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես հակազդել դրանց:

«Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն», -իր հերթին նշել ՀԱՕԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է․

«Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք»։

Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները:

Հիշեցնենք՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին մեկնարկեցին և մինչև օգոստոսի 8-ը անցկացվեցին նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված ամառային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցեցին ավելի քան 200 երկրների շուրջ 11 հազար մարզիկներ։ Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին Հայաստանը ներկայացրեց 17 մարզիկ:

Տոկիո-2020 օլիմպիադայում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը՝ նվաճելով 39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե մեդալներ, երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է, երրորդում՝ Ճապոնիան։

Հայաստանի հավաքականը նվաճելով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ 86 մեդալակիր երկրների շարքում գրավեց 69-րդ տեղը։

Օլիմպիական դրոշն արդեն ֆրանսիայում է․ հաջորդ ՝ 33-րդ ամառային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Փարիզում՝ 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Лента

Рекомендуем посмотреть