«Արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»․ Գանդիի արձանը կրկին բացվել է - RadioVan.fm

Онлайн

«Արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»․ Գանդիի արձանը կրկին բացվել է

2021-08-16 15:59 , Общество, 1823

«Արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»․ Գանդիի արձանը կրկին բացվել է

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ)։

«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,-Գանդիի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, ով ևս ներկա է եղել միջոցառմանը, շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:

«Այս արձանի տեղադրմամբ հայերը և Հնդկաստանի Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,-ասել է Սահասրաբուդհեն՝ նշելով, որ Գանդին Հնդկաստանի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից է եղել, ով, որպես պայքարի միջոց, ընտրել է խաղաղ ապստամբությունը, պայքարն առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է:

«Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր»,-հավելել է նա։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման և շարունակականության փաստարկ:

Հիշեցնենք՝ Մահաթմա Գանդիի արձանը պղծել էին ապրիլի 29-ին՝ տեղադրումից անմիջապես հետո։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) վանդալիզմի դեպքը որակել էր որպես «սադրանք՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով օրեր անց պարզվեց հնդիկ գործչի արձանը և պատվանդանը վնասած անձի ինքնությունը․ Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը խոստովանել էր արարքը։

Лента

Рекомендуем посмотреть