3 տասնյակ տարիների արտացոլանքը՝ մեկ գրքում. Արեգ Գրիգի «Սղագրեր»-ը ընթերցողի սեղանին է - RadioVan.fm

Онлайн

3 տասնյակ տարիների արտացոլանքը՝ մեկ գրքում. Արեգ Գրիգի «Սղագրեր»-ը ընթերցողի սեղանին է

2017-11-30 21:25 , Культура, Шоу бизнес, 3204

3 տասնյակ տարիների արտացոլանքը՝ մեկ գրքում. Արեգ Գրիգի «Սղագրեր»-ը ընթերցողի սեղանին է

Երկար տարիների ինքնաքննադատության և ինքնահամոզման արդյունքում լրագրող, իրավաբան Արեգ Գրիգորյանը, ի վերջո, կյանքի 32-րդ տարում, համարձակվել է լույս ընծայել իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն. «Սղագրեր»՝ այս խորագիրն է կրում Արեգ Գրիգ կեղծանվամբ գրական աշխարհ մուտքի հայտ ներկայացրած երիտասարդի բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը կայացել է այսօր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Երկար տարիներ ցանկանում էի գիրք ունենալ, սակայն ինքնաքննադատությունը, հիասթափությունը, ինքնահամոզումն ինձ բերում էր այն մտքին, որ դա իմ առաքելությունը չէ»,-«Ռադիո Վան»ի հետ զրույցում ասել է Արեգը՝ նշելով, որ իր տողերը ընթերցողների դրական արձագանքն է, որ քաջություն է հաղորդել դրանք մեկտեղելու և գրքի տեսքով ներկայացնելու ընթերցասերներին:

144 էջում զետեղված թվով 125 բանաստեղծությունները ներկայանում են «Սղագրեր ապաշխարության» և «Սղագրեր սիրո» բաժիններով: Ստեղծագործությունները Արեգի կյանքի 21 տարիների ապրումներն են, «ես»-ի պայքարը. «...սղվել եմ կարծես ինձնից ինքնամերժ, դարձել գրություն՝ մի սղագրության...»,-սեփական տողերում արձանագրում է գրողը:

«Գրածներիս փորձել եմ համեստության շղարշ տալ»,-ասում է Արեգը՝ ի պատասխան հարցին, թե՝ ինչու՞ «սղագրեր»:

Ստեղծագործել Արեգը սկսել է 11 տարեկանից: Հիշում է այդ տարիքում գրած սիրային առաջին բանաստեղծությունը՝ «Քեզ»...ու զարմանում, թե ինչպե՞ս կարող էր պատանեկան տարիքում այդքան զգացմունքային և աբստրակտ գրել, այն դեպքում, երբ այժմ՝ հասուն տարիքում է իրապես հասկացել սիրո ողջ էությունը:

Սակայն նա ստեղծագործել է, շատ հաճախ անգամ պատռելով բանաստեղծություններով սևացրած թղթերը: «Արհեստածին եղածները մերժելի էին,-ասում է ու շարունակում,-իսկ «բնական ծնունդներն» այնքան շատ էին, որ կարող էի 2-3 գիրք հրատարակել»: Սակայն ինչպես ինքը՝ Արեգն է բնորոշում՝ «հրաշալի կերպով» զրկվել է ոչ միայն գրվածքներից, այլև՝ մանկության լուսանկարներից:

«Ես սիրում էի ստեղծագործել մոմերի լույսերի ներքո, թեկուզ՝ ցերեկով: Մի օր, երբ արհեստական մթություն ստեղծելու համար փակել էի բոլոր վարագույրները և վառել մոմը, որը ինքնաշեն փայտե մոմակալում էր և դրված էր նկարներիս ալբոմի ու ձեռագրերիս վրա, սենյակից դուրս էի եկել: Մոմակալը բռնկվելով՝ այրել էր ամեն ինչ,-պատմում է Արեգը՝ անկեղծանալով՝ տանեցիներին շատ է վշտացրել,-իրենք էլ չէին հասկանում՝ ստեղծագործու՞մ եմ, ի՞նչ եմ գրում, գրու՞մ եմ արդյոք, թե՞ դարձել եմ ռոմանտիզմի գերին»:

Սակայն սեփական «ես»-ը, վախերն ու վարանումները հաղթահարելով, ու, թեկուզև, մանկությունից գեթ մեկ լուսանկար հասուն կյանք տեղափոխելով՝ Արեգի՝ Նարեկացու գրերով ոգեշնչված բանաստեղծություններն այսօր պարտադրել են ճանաչել նրան ոչ միայն հարազատներին, այլև ինքնաճանաչման լայն ուղի են դարձել:

Գրողի մաշտոցյան այբուբենով սղագրած տողերում Մարդն է, ով իր մեղքերով ու ապաշխարությամբ, հոգևոր և աշխարհիկ օրենքների բախմամբ՝ պայքարի է դուրս եկել ընդդեմ ամենաթողության:

Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի այսօր կայացած շնորհանդեսի առիթով կազմակերպված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամին: Գրողը նման ձեռնարկով առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զինհոսպիտալում հայտնված զինծառայողներից երեքի ընտանիքները ֆինանսական օժանդակություն են ստացել Արեգի և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կողմից, ովքեր համատեղ կազմակերպված համերգային երեկոյից ստացված ողջ հասույթը նվիրաբերել են այդ ընտանիքներին:

Лента

Рекомендуем посмотреть