Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևն ու Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, դատապարտել են «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վկայակոչումը որպես ադրբեջանական «նախնյաց երկիր»՝ համարելով դրանք խիստ անպատասխանատու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարող։
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերի հետ բախումների ժամանակ երեք հայ զինծառայողի զոհվելու համար, այն բանից հետո, երբ, ինչպես հաղորդվում է, հայկական դիրքերը և մի քանի գյուղեր վաղ առավոտից գնդակոծվել են, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին:
Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումով: Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր էր զոհվել, պակաս տագնապալի չէր։
Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից:
Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների միջոցով:
Բոլորը ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը եղած դիրքերը և համաձայն հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների:
Իրավիճակը լիցքաթափելու համար չափազանց կարևոր է, որ անմիջապես դադարեցվի բորբոքող հռետորաբանությունը։ Այս համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես ադրբեջանական «նախնիների երկիր» վկայակոչումը։Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են հետագայում խաթարել տարածաշրջանային անվտանգությունը:
Մենք կրկնում ենք վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած հարց բանակցային սեղանի շուրջ լուծելուն աջակցելու ԵՄ հանձնառությունը, այդ թվում`բանակցությունների վերսկսման միջոցով հակամարտության կայուն կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը»,-ասված է Կալյուրանդի, Կովաչևի, Զովկոյի համատեղ հայտարարությունում։