Մահացել է Արմեն Շեկոյանը, Փաշինյանը թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Արմեն Շեկոյանը, Փաշինյանը թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

2021-07-30 15:18 , Общество, 1381

Մահացել է Արմեն Շեկոյանը, Փաշինյանը թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) խորը վշտով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ՝ Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի, որը կղեկավարի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին Երևանում: 1974 թվականին գրողն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1985 թ. սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1976-1990 թթ. աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թթ. եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-1997 թթ.՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ավելի քան 8 ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝

«Մետաքսի ճանապարհ» (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004

«Երևան-հյուրանոց» (բանաստեղծություններ), Երևան, 2003

«Անտիպոեզիա» (բանաստեղծություններ), Երևան, 2000

«Թուղթ ու գիր» (բանաստեղծությունների ժողովածու), 1991

«Բախտ» (բանաստեղծությունների ժողովածու), 1987

«Ճոճք» (բանաստեղծությունների ժողովածու), 1982

«Ճամփորդ արևը» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

«Անձրև, անձրև, մի արի» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Արմեն Շեկոյանը գրել է նաև «Հայկական ժամանակ» վեպը, որը մաս-մաս հրապարակվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

1981 թ. Վրաստանում անցկացված և Վ. Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ. Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003 թ.-ին՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005 թ.-ին «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին, 2017 թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին:

Лента

Рекомендуем посмотреть