ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, դատապարտել հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը՝ որակելով այն որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ ընդգծվել է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո:
Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը:
Զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարեց հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։
Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։