Sinopharm և Pfizer պատվաստանյութերի 500 հազար դեղաչափ գնելու համար ՀՀ կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ է հատկացրել - RadioVan.fm

Онлайн

Sinopharm և Pfizer պատվաստանյութերի 500 հազար դեղաչափ գնելու համար ՀՀ կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ է հատկացրել

2021-07-29 14:50 , Политика, 1249

Sinopharm և Pfizer պատվաստանյութերի 500 հազար դեղաչափ գնելու համար ՀՀ կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ է հատկացրել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250 000 անձ` 2 դեղաչափով):

Պատվաստանյութերի գնման նպատակով կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարությանը 3 միլիարդ 459 միլիոն դրամ (մոտ 72 միլիոն դոլար) հատկացնելու մասին որոշում է ընդունվել։

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռքբերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ, որն ապահովում է բնակչության 10%-ին, իսկ կառավարության վերոնշյալ որոշմամբ՝ պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովման միջոցով կավելանա COVID-19-ի դեմ պատվաստումների ընդգրկվածության տեսակարար կշիռը։

Ըստ որոշման նախագծի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է Sinopharm-ի և Pfizer-ի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար:

Կառավարության նիստում քննարկված այս և այլ հարցերը՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և չինական CoronaVac-ը։

Նախարար Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ աշնանը Հայաստանը ձեռք կբերի մեկ ներարկմամբ կիրառվող Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, 300 հազար դեղաչափ էլ՝ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի Հայաստան:

Կառավարության այսօրվա նիստում առողջապահական գերատեսչության ղեկավարը զեկուցեց, որ պատվաստումների մեկնարկից մինչ օրս երկրում պատվաստվել է շուրջ 163 հազար մարդ։

Лента

Рекомендуем посмотреть