«Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ»,-անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ նախկինում բազմիցս ասել է՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով, Փաշինյանի դիտարկմամբ, Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը, նրա գնահատմամբ, ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում:
«Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:
Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայինորեն՝ զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահամանային և այլ տեսակի հսկողություններով»,-ընդգծել է Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ, ընդհակառակը, նշել է նա, իրենք կողմ են, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ են ստացել սեփական ժողովրդից:
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է սահմանագծման և սահմանզատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին:
«Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահամանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած մանդատի՝ կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար:
Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։