2022 թվականի բյուջեով Ադրբեջանը չի կարող միջոցներ ստանալ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» և «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագիր» կետերով․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ նախօրեին հավանություն է տվել ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի նախաձեռնած օրինագծին, որին միացել են Ներկայացուցիչների պալատի թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական շուրջ 20 օրենսդիրներ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից շեշտում են, որ Ներկայացուցիչների պալատի երեկվա քվեարկությունը կարևոր ազդանշան է Ալիևի բռնապետական ռեժիմին, որ Հայաստանի և Արցախի դեմ շարունակական ագրեսիան չի վարձատրվելու ԱՄՆ հարկատուների կողմից գոյացող ռազմական օգնությամբ:
Հանձնախմբից,միաժամանակ, հայտնում են, որ շարունակելու են աշխատանքները, որպեսզի կասեցվի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակության բոլոր տեսակների տրամադրումը։ Նշվում է, որ այդ ուղղությամբ, հանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի՝ զինված ուժերի հանձնախմբի հետ՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթների կատարումը, որով առհասարակ արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակություն ունեցող որևէ օժանդակություն։