Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի (ՊԲ) N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 28-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։
Նշվում է, որ պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։
Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է զինված ուժերի գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։