Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը ՀՀ-ում իրականություն է․ պացինետները Նիգերիայից և Կամերունից 5-ամյա և 1․8-ամյա փոքրիկներն են եղել - RadioVan.fm

Онлайн

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը ՀՀ-ում իրականություն է․ պացինետները Նիգերիայից և Կամերունից 5-ամյա և 1․8-ամյա փոքրիկներն են եղել

2021-07-27 14:21 , Общество, 1098

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը ՀՀ-ում իրականություն է․ պացինետները Նիգերիայից և Կամերունից 5-ամյա և 1․8-ամյա փոքրիկներն են եղել

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։

Արյունաբանական կենտրոնի թիմը՝ եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների՝ դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:

Արյունաբանականից հայտնում են, որ միջազգային փոխհամագործակցությամբ Cure2Children բարեգործական հիմնադրամի, իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլքների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/, ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումն իրականացվել է հուլիսի 7-ին, Նիգերիայից 5 տարեկան երեխայի, որի դոնորը հանդիսացել է նրա զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, որի դոնորն էլ հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն։

«Այս պացիենտները ցածր ռիսկի հիվանդներ են, դոնորները 12/12 լրիվ համատեղելիությամբ, ինչը թույլ տվեց ալոգեն փոխպատվաստման ծրագրի հաջող մեկնարկին և ներդրմանը,որպես արդյունավետ բուժական միջոցառում»,-ընդգծում են արյունաբանականից։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։

Ընդգծվում է, որ ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։

Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:

«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումըլայնածավալմասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,-հայտնել է Գևորգ Սիմոնյանը` հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։

«Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։ Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն»,-ընդգծում են առողջապահական գերատեսչությունից։

Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։

Ընդամենը մի քանի տարի առաջ նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար Հայաստանից հիվանդները մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում` շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:

Արյունաբանականից շեշտում են, որ Cure2Children բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ համագործակցության մեջ մեծ դեր և ներդրում է ունեցել«Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն»-ի ղեկավար բժիշկ-ուռուցքաբան և արյունաբան Գևորգ Թամամյանը։ 6 ամիս նախապատրաստական մեծածավալ աշխատանքներից հետո այն դարձավ իրականություն։

Лента

Рекомендуем посмотреть