Այսօր՝ հուլիսի 28-ի գիշերը, Գեղարքունիքի սահմանային հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների նախաձեռնած հարձակման, ընթացած մարտերի ընթացքում զոհված շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը Տավուշի մարզի Չինչին համայնքից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից։
Այդ մասին տեղեկանում ենք Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան հրապարակումից։
«Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:
Խոնարհվում ենք»,-ասված է Բերդի համայնքապետարանի գրառման մեջ։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում գիշերը սկսված և այսօր առավոտյան շարունակված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը երեք զոհ և երեք վիրավոր ունի։
Հավերժի ճամփորդներն են՝ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։