«Պատիվ ունեմ» դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:
Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ...»։
Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն առավոտ վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, նախահարձակ մարտական գործողություններ են սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում՝ փորձելով բարելավել իրենց հենակետերը, ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հաղորդվել է, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, 3 վիրավոր։
Պաշտպանական գերատեսչությունը ժամը 11։42-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Նշվել է, որ տվյալ պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։