10:30-ի դրությամբ հակառակորդը կրակել է գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ, անմիջական թիրախում են Կութը, Վերին Շորժան․ ՄԻՊ-ը ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

10:30-ի դրությամբ հակառակորդը կրակել է գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ, անմիջական թիրախում են Կութը, Վերին Շորժան․ ՄԻՊ-ը ահազանգում է

2021-07-28 11:03 , Право, 1336

10:30-ի դրությամբ հակառակորդը կրակել է գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ, անմիջական թիրախում են Կութը, Վերին Շորժան․ ՄԻՊ-ը ահազանգում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) ահազանգում է՝ հակառակորդի կրակոցների անմիջական թիրախում են գյուղերը։

Արման Թաթոյանը հայտնում է, որ 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:

Ըստ օմբուդսմենի՝ կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Արման Թաթոյանը, արձանագրելով Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ, հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այս հայտարարությանը:

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն առավոտ վաղ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները նախահարձակ մարտական գործողություններ են սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում՝ փորձելով բարելավել իր հենակետերը, ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հաղորդվել է, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Պաշտպանական գերատեսչության՝ 09։51-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխհրաձգությունը շարունակվում է։ Վստահեցվում է՝ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով խստորեն դատապարտելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները, հայտարարել է՝

«Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»։

Лента

Рекомендуем посмотреть