Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնելով, որ 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ շրջանում, նշում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։