Բաքուն իր առաջարկների վերաբերյալ Երևանից պատասխան չի ստացել․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

Բաքուն իր առաջարկների վերաբերյալ Երևանից պատասխան չի ստացել․ Բայրամով

2021-07-26 18:55 , Политика, 1079

Բաքուն իր առաջարկների վերաբերյալ Երևանից պատասխան չի ստացել․ Բայրամով

Խաղաղության պայմանագիր ստորագրելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկներին Բաքուն Հայաստանից պատասխան չի ստացել․ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր է գործադրում, ձեռնարկում է խաղաղ համաձայնագրի կնքման համար բոլոր քայլերը, իսկ, Հայաստանը, ցավոք սրտի, այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսևորում։

Բայրամովի խոսքով՝ Երևանի նման դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև՝ բուն Հայաստանին։

«Կարիք չկա նոր բան հնարել: Կա մի պարզ բանաձև՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումը: Ադրբեջանը հավատարիմ է հենց այս դիրքորոշմանը»,-հավելել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հուլիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ, ըստ նրա, Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 13-ի հայտարարությունը, որը, Փաշինյանի դիտարկմամբ, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ։

Лента

Рекомендуем посмотреть