Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան:
Այդ մասին տեղեկացվել է Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այսօր՝ հուլիսի 22-ին, բնակարանաշինական ծրագրերի իրականացման հարցերի շուրջ հրավիրած ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանը։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների, նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերձված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
Նախագահը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաև լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության և նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը ԱՀ կառավարության գլխավոր խնդիրներից է, և ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները պետք է գործեն թափանցիկ, ցուցաբերեն սկզբունքային և բարեխիղճ մոտեցումներ՝ օգտագործելով ճկուն գործիքակազմ, որը թույլ կտա բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՀ նախագահը հաստատել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար:
Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի կիրարկման մեխանիզմները: