ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական նոր երկամյա ծրագրի մեկնարկի մասին։
Դեսպանատնից հայտնում են, որ Ծրագիրը մշակված է Արիզոնայի պետհամալսարանի հետ համատեղ և իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ընձեռվում է բացառիկ հնարավորություն՝ ստանալու ուսման վարձի մասնակի փոխհատուցում/կրթաթոշակ։
ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։Բացի այդ, ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԵՊՀ դասախոսական կազմից 6 հոգի հնարավորություն կունենան 2021-22 ուստարվա ընթացքում վերապատրաստում անցնել Արիզոնայի համալսարանում՝ իրականացնելով հետազոտական աշխատանքներ ու մասնակցելով ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների ծրագրի առարկայական պլանների մշակմանն ու հետագա կատարելագործմանը։
«Հայ-ամերիկյան հարաբերություններ հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է աջակցել այս գործընկերությանը և կշարունակի ներդրումներ կատարել կրթության ոլորտում, որպեսզի ամերիկյան հետազոտությունների ասպարեզում մասնագիտանալ ցանկացողներն ունենան նման հնարավորություն, ապա իրենց ներդրումն ունենան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ ըմբռնման, համագործակցության ու բարեկամության ամրապնդման գործում»,-ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Հավելենք՝ մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է ընդունելության դիմումներ, դասերը կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Ծրագրի մանրամասները՝ հղմամբ։