Ցավոք, մեր տարածքաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։
«Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտականնկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,-ասաց նա՝ ընդգծելով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) առանցքային դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։
«Հայաստանի Հանրապետության և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն խաղաղության և կայունության ապահովման գործում»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Արդբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։
«Հայաստանը կարևոր և առաջնային է համարում դրանք, և պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով,-ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը»։
Նա անընդունելի համարեց Սոթք- Խոզնավար հատվածում ս․թ․ մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտումը։
«Վերահստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, սահմանազատման ուղղությամբ։ Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը։ Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն այլընտրանք չունի, և ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,-թեմայի անդրադարձը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը, ով նախորդ շաբաթվա կառավարության նիստում հայտարարել է, որ «այդ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, նպատակն է՝ շարունակել ՀՀ շրջափակման 30-ամյա քաղաքականությունը»․
Նիկոլ Փաշինյանի այս, ինչպես նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման, Հայաստանում աշխատատեղերի աճի և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ ելույթի մանրամասները՝ տեսանյութում։