Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում - RadioVan.fm

Онлайн

Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

2021-07-21 19:52 , Наука, HiTech, 1291

Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Բժշկագիտության ոլորտում ունեցած ներդրման ու հաջողությունների համար Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գիտական խորհրդի որոշմամբ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին այսօր շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

Գիտխորհրդի անդամների հետ հայազգի գիտնականի հանդիպմանը նաև քննարկվել են հասարակությանը հետաքրքրող հարցերը՝ կապված պատվաստման գործընթացի, համաճարակային իրավիճակի, համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունների մասին։

«Մեր հայրենակիցն ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողն է»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատվաստումների հարցը համարելով օրակարգային:

Նրա խոսքով՝ հանրային լրջագույն խնդիր է ապահովել պատվաստումների այնպիսի ծածկույթ, որը հնարավորություն կտա նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերը:

Նուբար Աֆեյանը շեշտել է, որ հետաքրքրված է Հայաստանի հետագա ծրագրերով՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը:

«Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիատակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,-ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշել է Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ Moderna-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում և շուրջ 500 միլիոն դեղաչափ արդեն օգտագործվել է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստելու նպատակով:

Նուբար Աֆեյանը պատասխանել է համալսարանական մասնագետներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես անդրադառնալով հարցին՝ ինչպես է ազդում պատվաստանյութն արդեն վիրուսով հիվանդացած և լավացած մարդկանց վրա:

Ըստ Նուբար Աֆեյանի՝ տարբերությունն էական չէ:

Անդրադառնալով՝ կա՞ արդյոք հակամարմինների նվազագույն շեմ, որն ինչպես պատվաստված, այնպես էլ արդեն վարակված մարդկանց կարող է պաշտպանել, ի պատասխան հայ գիտնականը հավելեց, որ դեռևս ընդունված շեմ չկա, սակայն համավարակի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտական կենտրոններ աշխատում են այդ ուղղությամբ:

ԵԲՊՀ մասնագետների կողմից հնչեցված հաջորդ հարցը վերաբերվել է կորնավիրուսի մուտացված տեսակներին և նրան, թե պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ է կարելի պաշտպանված լինել դրանից: Նուբար Աֆեյանն ասել է, որ այս հարցը նույնպես տարբեր ընկերությունների կողմից ուսումնասիրությունների առարկա է և արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք հակամարմին են առաջացնում covid-19-իդեմ, պետք է միտված լինեն կատարելագործվելու՝ վիրուսի մուտացված տեսակներից պաշտպանելու համար:

Ամփոփելով հնչեցրած հարցերը՝ Աֆեյանն ընդգծել է, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն:

«Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,-նշել է նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:

ԵՊԲՀ ռեկտորը, կարևորելով պատվաստումների հանրայնացումը, նշել է, որ բոլորը պետք է գիտակցեն՝ վարակվելուց հետո առաջացած հակամարմինները ժամանակի ընթացքում սպառվում են, և համավարակի տարածման ռիսկերը մեծացնում են:

Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի Moderna տեսակի պատվաստանյութը, ընդգծել է, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ:

«Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը»,-եզրափակել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

Лента

Рекомендуем посмотреть