«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Չարչյանի պաշտպանների՝ խափանման միջոց գրավ ընտրելու միջնորդությունը։
Նա արդեն դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, ազատության մեջ է։
Լրագրողների հետ զրույցում պրոֆեսորը նշել է, թե մեկ ամսում, ինչ կալանավորած էր, տուժել են այն քաղաքացիները, որոնց կարող էր օգնություն ցույց տալ, այսինքն՝ չի կարողացել մասնագիտական բարձրակարգ օգնություն ցուցաբերել:
«Միայն մի բան կարող եմ ասել այդ հարցով. այն ամեն ինչը, այն ահռելի մեծ ճանապարհը, ինչ անցել եմ՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, պատերազմ, ծանրագույն աշխատանք, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկական հաստատության ղեկավարում, կորոնավիրուս, էլի պատերազմ, այդ ամեն ինչն իր գինն ունի, դրա գինն է կյանք և առողջություն»,-իր առողջական վիճակի մասին հարցին էլ Արմեն Չարչյանն այսպես է արձագանքել։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն որոշում էր կայացրել պրոֆեսոր Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավել։ Չարչյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը:
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր, իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նա այս փուլում վերցնելու է պատգամավորական մանդատը: