Արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար․ այդ մասին այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարարի (ՊՆ) նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացվելիս։
«Եւս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,-ասել է ՊՆ առաջին տեղակալը, շնորհակալություն հայտնել վստահության համար։
Կառավարության փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար.
«Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում, կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»:
Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:
Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 20-ին, պաշտպանական գերատեսչությունն 8 ամիս ղեկավարած Վաղարշակ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց։
Վարչապետի պաշտոնակատարի երեկվա որոշմամբ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։