Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ), ով բողոքների և ահազանգերի հիման վրա կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզել է հետևյալը.
«Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:
Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:
Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացելու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:
Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:
Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին»:
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:
ՄԻՊ փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը:
Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:
Նշված բոլոր տեղեկությունները հաստատել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը,հաստատվել են բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:
«Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ)»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։