Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ամիսներ շարունակ բազմաթիվ ահազանգեր են ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին։
Նշվում է, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։
Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։
Մեկ այլ գրությամբ նախարարությունը դիմել է Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Տեղեկացնենք նաև, որ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու և թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։
Խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրների դեպքում օպերատիվ ահազանգում են։
Ընդգծվում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության շնորհակալ գործին առանձնահատուկ կարևոր է։