Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Այդ մասին, «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան, շեշտել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․
Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։
Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։
Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։
Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։
Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։
Նշենք՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, հուլիսի 17-ին մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունները, ընդգծել է, թե «Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան։
«Ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թվականին: Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,-հայտարարել է Աբդուլաևան: